Սոֆիայի օդանավակայանում Շիրակի մարզի Անի համայնքի պատվիրակության հետ կապված հոկտեմբերի 1-ի միջադեպը չի որակվում որպես «դիվանագիտական սկանդալ», «Արմենպրեսին» հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Ըստ նրա՝ դեպքի առնչությամբ Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը կապի մեջ էր պատվիրակության ղեկավարի հետ և, տեղեկանալով միջադեպի մասին, քայլեր է ձեռնարկել ընդունող երկրից պարզաբանումներ ստանալու և հետագայում նման միջադեպերից խուսափելու համար:
Անիի համայնքապետարանն էլ, իր հերթին, Բուլղարիա ժամանած հայկական պատվիրակության հետ կատարված միջադեպը թյուրիմացություն է որակել։
Համայնքապետարանը հայտնել է, որ տեղի ունեցած միջադեպից հետո անեցի պատվիրակներին օդանավակայանում դիմավորել են Նովի Պազարի փոխքաղաքապետը և այլ պաշտոնատար անձինք։
«Այնուհետև Նովի Պազարի քաղաքապետ Գեորգի Գեորգիևի հրավերով Բուլղարիա մեկնած Անիի պատվիրակությունը, ի դեմս համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի, արժանացել է ջերմ ընդունելության։ Չորսօրյա պաշտոնական այցն անցել է ջերմ ու անմիջական մթնոլորտում, հագեցած ու տպավորիչ օրակարգով։ Այդ մասին են վկայում մեր նախորդ հրապարակումները»,- նշել են համայանքապետարանից։
Լրատվամիջոցներում տարածվել էր տեղեկություն, որ Սոֆիայի օդանավակայանում Շիրակի մարզի Անի համայնքի պատվիրակությունը՝ Սարիբեկյանի գլխավորությամբ, ենթարկվել է խուզարկության։ Նշվում է, որ նրանց 2,5 ժամ պահել են օդանավակայանում, տարել ճամպրուկները, իրերը հանել ու մանրակրկիտ ստուգել։
Բուլղարիայի Նովի Պազար քաղաքում աշխատանքային այցով գտնվող Անի համայնքի պատվիրակությունը հոկտեմբերի 5-ին ստորագրել էր քույր համայնքներ դառնալու վերաբերյալ համագործակցության համաձայնագիր։





































