Հայաստանի Կոմունիստական կուսակցության` Գյումրի քաղաքի ավագանու խմբակցությունը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ հանձնարարական է տվել իրավապահ մարմիններին քաղաքական հաշվեհարդար սկսելու Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ։
Հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Ղուկասյանի հասցեին վարչապետի կողմից «հնչեցրած սպառնալիքները, «քաղաքական գործիքներով» քաղաքական հետապնդումը թեժացնելու խոսույթն ուղիղ հանձնարարական էր իրավապահ մարմիններին»։
«Երկրի վարչապետի՝ Գյումրու քաղաքապետի դեմ ռեպրեսիաների նոր ալիքը կապվում է Ղուկասյանի արտահայտած քաղաքական դիրքորոշման՝ Հայաստանի և Ռուսաստանի, ոչ թե ցեղասպան Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապերի խորացման հետ»,- ասված է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է, որ Փաշինյանի՝ երկրի բարձր ամբիոնից, Գյումրու ընտրված ընդդիմադիր քաղաքապետին ուղղված հրապարակային սպառնալիքը խոսքի, մտքի ազատությունը, այլախոհներին բարոյապես և ֆիզիկապես ոչնչացնելու նպատակ ունի:
«Մենք դատապարտում ենք Գյումրու քաղաքապետին թիրախավորելու պետական պատվերները, որն իրականացվում է ձախողված, վատահամբավ, արատավոր հակումներ ունեցող ինչ-որ պատգամավորների կողմից»,- ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Ղուկասյանը, պատասխանելով խորհրդարանում Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, ասել էր, որ չի իջնի «իրենց մակարդակին, «շպրտվի» բառին համահունչ չի պատասխանի»։ Փաշինյանն ԱԺ-ում Ռուսաստանի հետ միութենական պետությանը սատարող Ղուկասյանի հայտարարության վերաբերյալ նշել էր, որ «ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություն անողներին պետք է ուղղակի դուրս շպրտել քաղաքական և հանրային կյանքից»։




































