Եգիպտոսը, Կատարը և Թուրքիան պաղեստինյան ՀԱՄԱՍ-ին համոզում են ընդունել Գազայի հատվածի կարգավորման ԱՄՆ ծրագիրը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Axios-ին։
Վկայակոչելով բանակցություններին ծանոթ երկու անանուն աղբյուրի՝ կայքը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներկայացված Գազայի խաղաղության առաջարկների մանրամասները Դոհայում ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդներին ներկայացրել են Կատարի արտաքին գործերի նախարար Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանին և Եգիպտոսի գլխավոր հետախուզության վարչության պետ Հասան Ռաշադը։ Երկուսն էլ ՀԱՄԱՍ-ին կոչ են արել ընդունել ԱՄՆ-ի ծրագիրը։ ՀԱՄԱՍ-ի առաջնորդները խոստացել են «լրջորեն ուսումնասիրել այդ առաջարկները»։
Ըստ պորտալի՝ ամերիկացիներն ու իսրայելցիներն ակնկալում են, որ ՀԱՄԱՍ-ն, ընդհանուր առմամբ, կաջակցի ծրագրին, թեև որոշ վերապահումներով։
Սեպտեմբերի 30-ին Ալ-Թանին, Ռաշադը և Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալինը Դոհայում ևս մեկ հանդիպում են ունեցել խմբավորման առաջնորդների հետ, հավելել է Axios-ը։
Սեպտեմբերի 29-ին Սպիտակ տունը հրապարակել էր ԱՄՆ նախագահի «համապարփակ ծրագիրը» Գազայի հատվածում կարգավորման համար։ 20 կետից բաղկացած փաստաթուղթը, ի թիվս այլ հարցերի, նախատեսում է Պաղեստինում ժամանակավոր արտաքին կառավարման ներդրում և միջազգային կայունացման ուժերի տեղակայում։ Սեպտեմբերի 30-ին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է ՀԱՄԱՍ-ին երեք-չորս օր ժամանակ տալ առաջարկը քննարկելու համար:






































