ԱԺ 44-օրյա քննիչ հանձնաժողովի զեկույցի ժամկետներ չենք խախտել, Երևանում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ժամանակ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, Armenia Today-ի հարցին ի պատասխան, հայտնեց ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Գլխավորը՝ հիմա ունենք զեկույց, և շատ կարևոր է այն ներկայացնել լիագումար նիստին։ Եվ զեկույցը պետք է ունենա հետևանք, այսինքն՝ դասեր քաղենք այն իրողությունից, որին 44-օրյա պատերազմի օրերի ընթացքում առնչվեցինք։ Եզրակացությունը բավական ծավալուն է։ Ես դրա էջերի քանակը կարող եմ ասել, դրանք 20-ից ավելին են։ Զեկույցը շատ ավելի ծավալուն է։ Դրա տակ դրված փաստացի նյութը հսկայական է։ Դրանք բոլորը գաղտնի, հույժ գաղտնի պահանջներով օժտված փաստաթղթեր են, ձայնագրություններ, որոնք կդրվեն գաղտնի բաժնում, և ովքեր կունենան այդ հնարավորությունը՝ կծանոթանան»,- ասաց Քոչարյանը։
Պատգամավորի խոսքով՝ քննիչ հանձնաժողովի զեկույցի քննարկումից հետո կլինեն որոշակի հետևանքներ, սակայն չհստակեցրեց, թե ինչ հետևանքների մասին է խոսքը։
Քոչարյանը, Armenia Today-ի հարցին ի պատասխան, մեկնաբանեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ լարված հարաբերությունների մասին լուրերը։ Նա նշեց, որ Սիմոնյանի հետ ոչ միայն բարեկամական, այլև աշխատանքային հարաբերություններ ունի, որոնք կարգավորվում են ԱԺ կանոնակարգով։
2024 թվականի հոկտեմբերին ԶԼՄ-ները հայտնել էին, որ հանձնաժողովն ավարտել է աշխատանքները, եզրակացությունն արդեն պատրաստ է։ Մարտի 5-ին Քոչարյանը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը կհրապարակվի 2025 թվականին խորհրդարանի լիագումար նիստերում։ Մամուլը սեպտեմբերի 3-ին գրել էր, որ հանձնաժողովի զեկույցն ուղարկվել է ԱԺ նախագահին։





































