ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Հայաստանի անկախության 34-րդ տարեդարձի կապակցությամբ։
Փաշինյանը շեշտել է, որ Երրորդ Հանրապետությունում չհաջողվեց իրականացնել 1991-ին ժողովրդի քվեարկությամբ արտահայտված խաղաղության երազանքը, սակայն այժմ այն կյանքի կոչելու հնարավորություն կա։
«1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի մասնակցած և անկախությանն «այո» ասած քաղաքացիներն ինչի՞ մասին էին երազում իրենց քվեարկության պահին։ Այսպիսի վիճակագրություն չկա, բայց, վստահաբար, մեր այդ հայրենակիցներին առաջնորդել է ազատ, խաղաղ, բարեկեցիկ, երջանիկ պետություն կառուցելու բնական մղումը։ Երրորդ Հանրապետության կյանքը, ցավոք, այդպիսին չստացվեց․ շրջափակումը, պատերազմը, տնտեսական անկումը, արտագաղթը թույլ չտվեցին անկախության հանրաքվեի երազանքն իրականություն դարձնել, բայց նույնիսկ ամենադժվար ու ողբերգական օրերին, որ ապրել է Երրորդ Հանրապետությունը, այդ երազանքը թեկուզ խամրել, բայց երբեք չի մարել մեր քաղաքացիների աչքերում, մտքում և հոգում»,- ասված է ուղերձում։
Նա նշել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին հաստատված խաղաղությամբ Հայաստանի Հանրապետությունը կրկին լցվել է քաղաքացիների երազանքով՝ կառուցելու խաղաղ և բարեկեցիկ պետություն։
Փաշինյանն ընդգծել է, որ իշխանությունների հիմնական պարտականությունը երազանքն իրականացնելն է, որի ճանապարհին Հայաստանն անցել է ծանր փորձությունների ու զոհողությունների միջով։
«Չորրորդ Հանրապետության օրակարգն այն է, որ այլևս երբեք չկորսվի երազանքն իրականացնելու հնարավորությունը»,- հայտարարել է Փաշինյանը։
Վարչապետը հավելել է, որ «անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական, խաղաղ, պաշտպանված, զարգացած, ազատ և երջանիկ Հայաստանը նման է նորածին մանուկի, որն սպասում է մեր խնամքին»։
Փաշինյանի խոսքով՝ հայերն իրենք պետք է դառնան իրենց հայրն ու մայրն՝ հասկանալով, որ 21-րդ դարի առաջին քառորդում երկրի ճակատագիրը իրապես իրենց ձեռքում է։
«Եվ այդ ղեկը մենք այլևս երբեք չպետք է բաց թողնենք մեր ձեռքից»,- ասել է վարչապետը։
Անկախության տոնը Հայաստանում նշվում է ամեն տարի սեպտեմբերի 21-ին։ 1990-ի օգոստոսի 23-ին Հայաստանի գերագույն խորհուրդն ընդունել էր Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը։ 1991-ի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդն անկախության հանրաքվեի ժամանակ կողմ էր քվեարկել Խորհրդային Միության կազմից դուրս գալու օգտին։





































