Իսրայելն ուժգնացրել է հարվածները Գազա քաղաքի ուղղությամբ՝ որպես իրագործում քաղաքը գրավելու իր պլանի: Երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ «Գազան այրվում է», փոխանցում է Al Jazeera-ն:
Կացը սոցցանցում գրել է, որ Իսրայելի ուժերը Գազային հարվածում են «երկաթե բռունցքով»։
«Մենք չենք թուլանա և չենք նահանջի մինչև առաքելության ավարտը»,- նշել է ռազմական գերատեսչության ղեկավարը։
Իսրայելի քաղաքական մեկնաբանները պնդում են, որ Գազայի ռմբակոծությունները այնքան ինտենսիվ են, որ «ռումբերի ձայները լսվում են» երկրի կենտրոնական հատվածներում։
Բժիշկներ առանց սահմանների (MSF) կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆեր Լոքերը դատապարտել է Իսրայելի հարձակումների ուժգնացումը Գազա քաղաքի վրա՝ կոչ անելով աշխարհին անհապաղ քայլեր ձեռնարկել հրադադարի ապահովման համար։ Նրա խոսքով՝ քաղաքից փախուստը շատերի համար անհնար է։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն սեպտեմբերի 8-ին հայտարարել էր, որ Իսրայելը լայնածավալ ցամաքային գործողություն է սկսում: Նեթանյահուն կոչ էր արել լքել Գազան:






































