Տրանսպորտում տուգանված քաղաքացիների թիվը 354 է, հայտնել է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանման ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետ Բաբայանը։
Ըստ Բաբայանի՝ նրանցից 227-ը երթևեկել է առանց տոմսի, 48-ն այլ անձի՝ արտոնություն ունեցող քարտերից է օգտվել և 79 քաղաքացի վճարումը կատարել է ծառայության աշխատակիցների ստուգայց հորդորումներից անմիջապես հետո։ Բեկանվել է 5 տուգանք, նշել է Բաբայանը։
Հուլիսի 3-ին ԱԺ-ն 61 կողմ, 26 դեմ, 1 ձեռնպահ ձայնով ընդունել էր Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելիս ուղեվարձը չվճարելու դեպքում վարչական տույժ սահմանելու նախագիծը։
Ազգային ժողովի տարածքային կառավարման, գյուղատնտեսության և ՇՄ պահպանության մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել տրանսպորտից առանց վճարման օգտվողներին վարչական պատասխանատվության ենթարկելու՝ տուգանելու նախագծին։
Փետրվարի 1-ից Երևանում գործում է մեկ ուղևորության համար 150 դրամ տրանսպորտային սակագին։ Սկզբում իշխանությունները նախատեսել էին, որ տոմսերի փաթեթի նվազագույն արժեքը կլինի 300 դրամ։ Այս որոշմանը դեմ էին հանդես եկել Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը և «Մայր Հայաստան» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը, որոնք փետրվարի 1-ից նախաձեռնել էին բոյկոտ։
Փետրվարի 11-ին Երևանի ավագանին ընդլայնել էր տրանսպորտային արտոնություններից օգտվող քաղաքացիների շրջանակը։ Մարտի 27-ին կառավարությունը հավանություն էր տվել նախագծին, որով Երևանում տրանսպորտային ծառայությունից առանց վճարման օգտվողները կտուգանվեն սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:




































