Հայաստանն ու Ղազախստանը ներդրել են առանց վիզայի ռեժիմ․ երկու երկրների քաղաքացիները կկարողանան միմյանց տարածքում մնալ մինչև 90 օր, հայտնել են ղազախական լրատվամիջոցները։
Ղազախստանի խորհրդարանը հաստատել է կառավարությունների միջև 2024 թվականի ապրիլի 15-ին Երևանում ստորագրված համաձայնագրի վավերացումը։
Այժմ Ղազախստանի քաղաքացիները կարող են մուտք գործել Հայաստան անձը հաստատող փաստաթղթով, իսկ Հայաստանի քաղաքացիներին սահմանը հատելու համար անհրաժեշտ է միայն անձը հաստատող քարտ։
«Նախկինում կողմերից մեկի տարածքում 90 օր մնալուց հետո այս ժամկետի ավարտին նրանք պետք է ստանային վիզա՝ ուսման, բուժման կամ աշխատանքային միգրանտի համար։ Այժմ այս պահանջը չեղյալ է հայտարարվել։ 90 օրվանից հետո քաղաքացին դիմում է Հանրային ծառայությունների կենտրոն և ստանում է ժամանակավոր բնակության թույլտվության ծառայություն, որը տրամադրվում է անվճար, մինչդեռ նախկինում այս վիզան վճարովի էր»,- հայտնել է ղազախ պատգամավոր Դմիտրի Կոլոդան։
Հունվարից ի վեր Ղազախստան է ժամանել մոտ 11 000 ՀՀ քաղաքացի, ասվում է հաղորդագրության մեջ։ Նրանցից շուրջ 2000-ը մնացել են աշխատելու նպատակով։ Աստանայի տվյալներով՝ իրենց երկրում աշխատանքային միգրանտների ընդհանուր թվի մեջ հայերի բաժինը մի փոքր ավելին է, քան 1%-ը։
ՀՀ կառավարությունն ապրիլի 30-ին կայացած նիստում հաստատել էր Ղազախստանի իշխանությունների հետ միգրացիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի վավերացման նախագիծը։ Համաձայնագիրը նաև նախատեսում է համագործակցություն երկու երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանության ոլորտում, այդ թվում՝ տեղեկատվության փոխանակում։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է վիճակագրական, իրավական և գիտամեթոդական տեղեկատվության, ինչպես նաև քաղաքացիների մասին տեղեկատվության փոխանակմանը։





































