Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը համաձայնել են հարաբերություններն ամրապնդել և հասցնել ռազմավարական գործընկերության մակարդակի, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովային տարածքների պետնախարար Սթիվեն Դաութին Երևանում անցկացրել են Հայաստան-Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը:
Կողմերը քննարկել են անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնումը, այդ թվում՝ ապագայում բարձր մակարդակի շփումները, պաշտպանության հարցերով ռազմական կցորդների փոխանակումը և առավել սերտ համագործակցությունը կիբեռանվտանգության ու հիբրիդային սպառնալիքների հակազդման ոլորտներում:
Հարաբերությունների մակարդակի բարձրացման համատեքստում երկուստեք ընդգծվել է տնտեսական համագործակցության շարունակական խորացման կարևորությունը: Կողմերը մտադրություն են հայտնել խորացնել գործարար կապերը և խթանել տնտեսական աճը փոխգործակցության միջոցով, այդ թվում՝ աջակցելով Հայաստանի ներառական տնտեսական զարգացմանը, բարեփոխումներին և դիվերսիֆիկացիային՝ միջազգային ֆինանսական հաստատությունների հետ համագործակցաբար։
Նշվում է նաև, որ կողմերը քննարկել են ՀՀ-ՄԹ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Հայաստանը կարևորել է ՄԹ-ի արտահանման ֆինանսավորման գործիքի ներուժը առևտրի և ներդրումների խթանման գործում:
Քննարկվել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք երկու խոշոր միջազգային միջոցառումները՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։
Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին COP17-ի արդյունավետ կազմակերպման հարցում՝ հստակ և նշանակալի արդյունքներ ապահովելու համար։
Նշվում է, որ երկխոսությունը եզրափակվել է ՀՀ-ՄԹ միջև ռազմավարական գործընկերության հաստատմամբ երկկողմ հարաբերությունները խորացնելու և սերտ համագործակցությունն ընդլայնելու համատեղ հանձնառության վերահաստատամամբ:






































