Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ Բաքվում շարունակվող կեղծ դատավարության ընթացքում նրա փաստաբան Աբրահամ Բերմանը միջնորդություն է ներկայացրել դատաբժշկական լեզվաբանական փորձաքննություն անցկացնելու մասին, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Նա միջնորդությունը հիմնավորել է նրանով, որ քրեական գործով մեղադրական եզրակացության ռուսերեն թարգմանությունը պարունակում էր մի շարք հակասական կետեր։ Վարդանյանը պաշտպանել է միջնորդությունը։
Դատարանը, սակայն, մերժել է այն։ Դրանից հետո Բերմանն առարկել է գործը քննող դատավորների կազմին։ Սակայն առարկությունը քննարկման չի դրվել։
Այնուհետև, ըստ ադրբեջանական պետական լրատվամիջոցների, լսել են, այսպես կոչված, «տուժողներին ու նրանց իրավահաջորդներին»։ Նրանք պատմել են Արցախյան պատերազմների կամ խաղաղ ժամանակ ստացած վնասվածքների մասին, սակայն պարզ չէ, թե ինչ կապ ունեն այդ պատմությունները 2022 թվականին Արցախ տեղափոխված և մի քանի ամիս պետնախարարի պաշտոնը զբաղեցրած Վարդանյանի հետ։
Հաջորդ դատական նիստը նշանակված է օգոստոսի 19-ին։
Ադրբեջանում պաշտոնական տվյալներով 23 հայ գերի կա։ Հունվարի 17-ին սկսվել էին Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների դատավարությունները: Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Վարդանյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։






































