Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունն «ապատեղեկատվություն» է անվանել Վրաստանի անցակետերում հայկական բեռների արգելափակման մասին տեղեկատվությունը, հայտնում Է «Sputnik Գրուզիան»:
Նշվում է, որ «որոշ ԶԼՄ-ների և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների կողմից տարածված ապատեղեկատվությունը հանրությանը մոլորեցնելու, գերատեսչությանը վարկաբեկելու և թեման քաղաքական հարթություն տեղափոխելու փորձ է»:
Գերատեսչությունը հայտարարել է, որ «բեռնաշրջանառության ավելացման պայմաններում միջազգային փոխադրումներին մասնակցող տրանսպորտային միջոցների նկատմամբ բոլոր մաքսային ընթացակարգերն իրականացվում են հատուկ ռեժիմով, որպեսզի ապահովվի դրանց անարգել անցումը»:
«ԶԼՄ-ներում տարածված լուսանկարներն ու տեսանյութերը (գազամթերքներով բեռնված ավտոմեքենաներ) չեն արտացոլում իրական իրավիճակը մաքսային անցակետերում, այդ թվում՝ «Կազբեգի» անցակետում, որտեղ կարճ ժամանակահատվածում բեռնատարների մի փոքր ուշացում է գրանցվել, որն ամբողջությամբ վերացվել է»- ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ վրաց-ռուսական սահմանի «Վերին Լարս» անցակետում խնդիրներ էին ունեցել հայկական կոնյակով բեռնված հարյուրավոր բեռնատարներ: Վրացական կողմի պահանջած լրացուցիչ լաբորատոր ստուգումների պատճառով բեռնատարները մոտ երկու ամիս չեն կարողացել մեկնել ՌԴ։
Հունիսի 19-ին ՊԵԿ-ը հայտնել էր, որ հայ-վրացական սահմանին հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների կուտակման հետ կապված խնդիրը կարգավորվել է։ Հունիսի 23-ին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր կոնյակի արտահանման հարցով Վրաստանի հետ պայմանավորվածության մասին։