Հայաստանն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված, «Ազատությանը» հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նրա խոսքով՝ այն կարող է խաղաղության գործընթացի հետագա իրացման լուրջ հիմք հանդիսանալ:
Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ այսօր ավելի վաղ հրապարակված պաշտոնական դիրքորոշումից տարբերվող պայմանավորվածություն չկա և չի կարող լինել: Գերատեսչությունը հորդորել է նաև զերծ մնալ ադրբեջանական մամուլում կիրառվող՝ ոչ վերաբերելի եզրույթների մեջբերումից:
Բադալյանը հավելել է, որ խաղաղության օրակարգի իրացման վերաբերյալ ՀՀ կառավարության ունեցած պատկերացումներին Հայաստանի հանրությունը ծանոթ է, և Աբու Դաբիում արտահայտված բոլոր դիրքորոշումները տեղավորվում են այդ ռազմավարությունների մեջ, ներառյալ՝ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման թեման, որի մասին Հայաստանի Հանրապետության պատկերացումներն արտահայտված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 10-ին Աբու Դաբիում բանակցություններ էին վարել, որոնք տևել էին ավելի քան 5 ժամ։ Հանդիպումից հետո ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ կողմերը համաձայնել են շարունակել երկկողմ բանակցությունները և վստահության ամրապնդման միջոցառումները երկու երկրների միջև: Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ հանդիպմանը քննարկվել է նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը:
ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարել էր, որ Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության մասին սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը որևէ երրորդ ընկերության։