«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 59 ձայնով կողմ է քվեարկել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությանը՝ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին։
Քվեարկությանը մասնակցել է իշխանական 69 պատգամավորից 59-ը, բոլորը կողմ են քվեարկել։ Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտել են նիստը։
Վարդապետյանը հունիսի 9-ին դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ միջնորդել, որ խորհրդարանը թույլ տա քրեական գործ հարուցել Օհանյանի և Մինասյանի նկատմամբ:
Օհանյանը մեղադրվում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապօրինի կերպով ստացված եկամուտների օրինականացում), 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերին, 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, 296-րդ հոդվածի 3-րդ մասին, 444-րդ հոդվածի 2-րդ մասին, որն ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 1-ին):
Գործում, ըստ դատախազության, ներգրավված էր նաև Մինասյանը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր Բնապահպանության նախարարի և միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը։