ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոյի փոխանցմամբ՝ Եկատերինբուրգում կալանավորված ադրբեջանական ծագում ունեցող վեց անձից հինգին մեղադրանք է առաջադրվել, նրանց կասկածում են պատվերով սպանությունների մեջ, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
Քննչական կոմիտեի ներկայացուցիչը որպես սպանությունների շարժառիթ նշել է բիզնեսի ոլորտում ազդեցության գոտիների բաժանումը, ինչպես նաև անձնական վրեժը։
«Մեղադրյալներից մեկը հանցագործությունների հանգամանքների վերարտադրման ընթացքում տվել է մանրամասն ցուցմունքներ և բացահայտել իր համախոհներին»,- նշել է Պետրենկոն։
Նրա խոսքով՝ քրեական գործով անցնում են ՌԴ քաղաքացիներ Մազախիր Սաֆարովը, Ակիֆ Սաֆարովը, Այազ Սաֆարովը, Ախլիման Գյանջիևը, Շահին Լալաևը և Բակիր Սաֆարովը։ Դատարանը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը։
Բաքվի դատարանը չորս ամսով կալանավորել էր Ռուսաստանի ութ քաղաքացիների, որոնց թվում կան ՏՏ մասնագետներ և գործարարներ։ Նրանց ձերբակալությունը տեղի էր ունեցել կոշտ եղանակով և դիտարկվում էր որպես պատասխան՝ Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալություններին, որոնց ընթացքում երկու մարդ էր մահացել՝ եղբայրներ Հուսեյն և Զիյադդին Սաֆարովները։