Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Մայր Աթոռում հայտարարեց, որ այն, ինչ կատարվում է, բացարձակ ապօրինություն է, սակայն ինքը կգնա իրավապահների հետ:
«Ես երբեք չեմ թաքնվել և չեմ թաքնվելու իմ եղբայրների թիկունքում։ Եկել են իմ հետևից, կգնամ ու առավել ևս՝ կբարձրաձայնեմ, որ տեղի ունեցողն ապօրինություն է: Ես սպառնալիք չեմ այս երկրի համար, հիմնական սպառնալիքը կառավարությունում է նստած։ Այն մարդիկ, որ այդ խելագարի կամքը կատարում են, եկել են, սպառնում են բռնությամբ, գնում եմ իրենց հետ»,- ասաց Միքայել սրբազանը:
Սրբազանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել հունիսի 17-ին, այս մասին Armenia Today-ին հունիսի 26-ին հայտնել էին Գլխավոր դատախազությունից: Այսօր՝ հունիսի 27-ի առավոտյան, Շիրակի թեմի առաջնորդարանում քննչական գործողություններ են իրականացվել, այդ ընթացքում արքեպիսկոպոսը Մայր Աթոռում էր, որտեղ էին նաև Ամենայն Հայոց կաթողիկոսը և շատ այլ հոգևորականներ:
Միքայել սրբազանի կարճատև խոսքից հետո Գարեգին Երկրորդ կաթողիկոսը հայտարարեց, որ սրբազանը գնալու է փաստաբանի հետ։
«Մենք վեհարանում կհամախմբվենք, մեր քննարկումները կունենանք և եզրահանգումները կանենք հետագա գործողությունների համար։ Միանշանկ է, որ բոլորս ամենայն ջանք ենք գործ դնելու, որ արդարությունը գործի մեր եկեղեցու, եկեղեցականների, հոգևորականների ու երկրի համար»,- վստահեցրեց Վեհափառը: