Armenia Today-ի աղբյուրները հայտնել են, որ Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ են անցկացնում «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի տանը՝ Երևանում։
Ավելի ուշ ՆԳՆ-ից Armenia Today-ին մեկնաբանել են, որ Կարապետյանի առանձնատան մոտ «մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ»։
ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ճեպազրույցում ասել է, որ հորդորում է Կարապետյանին զբաղվել ՀԷՑ-ով ու դրա որակով, ավարտել Կրկեսի շինարարությունը, իրականացնել շինարարությունն այնտեղ, որտեղ չի ավարտել։
«Թե չէ մենք՝ որպես ՀՀ իշխանություն, ինստիտուցիոնալ ձևով զբաղվելու ենք քո հարցով։ Սա է մեր նախազգուշացումն ի պատասխան տվյալ անձնավորության անիմաստ հայտարարությունների»,- նշել է Հովհաննիսյանը։
Լրագրողների հարցին, թե օրինակ ի՞նչ են անելու, Հովհաննիսյանն ասել է, որ կարող են զբաղվել ՀԷՑ-ի ազգայնացմանը կամ Կրկեսի՝ պետությանը վերադարձնելուն։
«Յուրաքանչյուր մարդ, որը գալիս է ՀՀ ինչ-որ օտար երկրից, փորձում է սպառնալ ժողովրդի կողմից ընտրված իշխանություններին, այդ մարդու օդերը փակելու ենք, թող գնան իրենց ներդրումն իրենց տերերի մոտ անեն»,- զգուշացրել է պատգամավորը։
Ավելի վաղ Կարապետյանը մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների արշավը:
Մայիսի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում մի շարք վիրավորական գրառումներ էր հրապարակել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների դեմ, իսկ ավելի ուշ կոչ արել ընտրել նոր կաթողիկոս։
Հունիսի 2-ին Փաշինյանը կասկածի տակ էր դրել այն փաստը, որ Գարեգին Բ-ն պահպանել է կուսակրոնության երդումը։ Այնուհետև Փաշինյանը հայտարարել էր կաթողիկոսին փոխելու համար համակարգող խումբ ստեղծելու մասին։ Կարապետյանը, ինչպես նաև Ռուսաստանում գործող 10-ից ավելի հայկական կազմակերպություն հանդես էր եկել հակաեկեղեցական արշավի դեմ։ «Հայաքվե» նախաձեռնությունն առաջարկել էր ստեղծել համազգային հասարակական մարմին՝ եկեղեցին պաշտպանելու համար։