ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իմփիչմենթի համար խմբակցության 28 պատգամավորի ստորագրությունները։
Նա նշել է, որ դրանք բավարար չեն իմփիչմենթի գործընթաց սկսելու համար։
«Մանիպուլյացիաների փոխարեն հարկավոր է ուժերը կենտրոնացնել ՔՊ և անկախ պատգամավորների ստորագրությունները ստանալու ուղղությամբ»,- նշել է Օհանյանը։
Խմբակցության ղեկավարը հավելել է, որ ստորագրությունների հրապարակումից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավորների թիրախավորման արշավի շարունակության դեպքում «բոլորը կարող են եզրահանգումներ իրականացնել գործընթացի իրական նպատակների վերաբերյալ»։
Հունիսի 9-ին Օհանյանն Armenia Today-ին հայտնել էր, որ «Հայաստան» դաշինքն իմփիչմենթի գործընթացի համար կապահովի պակասող 28 պատգամավորի ստորագրությունները։
Հայաստանում ընդդիմությունը վարչապետին իմփիչմենթի ենթարկելու երկու նախաձեռնություն էր առաջ քաշել։ Ապրիլին ընդդիմադիր գործիչներ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը իմփիչմենթ անցկացնելու կոչով դիմել էին խորհրդարանի պատգամավորներին:
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքը պատրաստակամություն էր հայտնել աջակցել այս նախաձեռնությանը, մինչդեռ «Հայաստան» դաշինքը կասկածի տակ էր դրել նախաձեռնության հեղինակների անկեղծությունն ու Փաշինյանին հեռացնելու համար նախ փողոցային ճնշումների կոչ էր արել: Ավելի ուշ խմբակցությունը իմփիչմենթի գործընթացի շրջանակներում Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին առաջադրել էր վարչապետի պաշտոնի թեկնածու։ Համբարձումյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդի անդամ է։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ավելի վաղ դուրս եկած պատգամավորներ Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը վարչապետի պաշտոնում առաջարկել էին ՀՀ հատուկ հանձնարարարություններով դեսպան նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի թեկնածությունը, և բանակցություններ սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ: