Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարության մի քանի ներկայացուցիչ իրենց ընտանիքներին փոխանցել է, որ ադրբեջանական մամուլում Բաքվի «դատավարությանն» առնչվող կեղծ տեղեկություններ են հրապարակվել, իրենց խոսքերը խեղաթյուրել են, գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Նրանք ընտանիքի անդամներին հայտնել են, որ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, իրենց խոսքը ոչ միայն խեղաթյուրված, այլ որոշ դեպքերում` իրենց հնչեցրածի ճիշտ հակառակ ձևով է տրված»,- հավելել է Աբրահամյանը։
Նա Արցախի գերեվարված ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի մասնակցությամբ դրվագի մասին է պատմել։
««Դատավարության» ժամանակ Իշխանյանը հիշեցրել է, որ նախորդ «դատավարություններից» մեկի ժամանակ ասել էր, որ ցանկանում է ծանոթանալ մայիսի 24-ի և 26-ի «դատական նիստերի» արձանագրություններին, սակայն դատավորը ցրողական պատասխան է հնչեցրել: Ինչո՞վ է այս հանգամանքն ուշադրության արժանի: Ադրբեջանական բանտերում գտնվող հայերի դատավարության ամբողջ ընթացքն ուղեկցվում է կեղծիքների գերդոզավորմամբ` ցուցմունքներից մինչև թարգմանություններ։ Կարծում եմ՝ այդ կեղծիքն արձանագրելու համար Իշխանյանը փորձում է ծանոթանալ նախորդ նիստերի արձանագրություններին` դրանք վերհանելու և հետագա խաբեությունները կանխելու համար, ինչը դատարանը ձգում է»,- շեշտել է պատգամավորը։
Ադրբեջանում, պաշտոնական տվյալներով, 23 հայ գերի կա։ 2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան է ուղարկել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին սկսվել են Արցախի առաջնորդների դատավարությունները:
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Վարդանյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը մարտի 13-ին Armenia Today-ի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ 2023 թվականի սեպտեմբերից Հայաստանի իշխանությունները կտրուկ նվազեցրել են Բաքվում ապօրինաբար դատվող հայ գերիներին և Արցախի առաջնորդներին ազատ արձակելու ջանքերի մակարդակը։




































