Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն Armenia Today-ի հետ հարցազրույցում գնահատել է Հայաստանի ներքաղաքական զարգացումները, երկրի իշխանությունների դիրքորոշումները և դրանց վրա Գյումրիի ՏԻՄ ընտրությունների ազդեցությունը, ինչպես նաև ընդդիմության գործողությունները, ներառյալ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը:
Կիվիրյանը նաև անդրադարձել է Սահմանադրությունը փոխելու գործընթացի պարագայում «Քաղաքացիական պայմանագրի» համար առկա քաղաքական ռիսկերին:
Վերլուծաբանը համոզված է, որ «իշխանության ցածր վարկանիշի մասին խոսելն անմիտ է, քանի որ դա չի խանգարի նրան ընտրություններում կիրառել վարչական ու այլ ռեսուրս՝ վերարտադրվելու նպատակով»։
Նրա խոսքով՝ այս ամիսներին ՔՊ-ի շարքերում ու պաշտոնյաներին առնչվող սկանդալային իրադարձությունները Փաշինյանին «անհանգստություն կպատճառեն», բայց վարկանիշի վրա էական ազդեցություն չեն ունենա։
Կիվիրյանը բացատրել է, որ Փաշինյանի՝ կառավարության նիստերին գործադիրի ներկայացուցիչների աշխատանքը քննադատելու հռետորաբանությունը PR տեխնոլոգիաների կիրառություն է։ Կիվիրյանը կարծում է, որ այդ ճանապարհով Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ «բարի ցարը մեղք չունի, վեզիրներն են մեղավոր»:
Գնահատելով իրավիճակն ընդդիմադիր դաշինքներում՝ Կիվիրյանը նշել է, որ ընդդիմության շարքերում պայքար է «առաջինը, երկրորդը, երրորդը լինելու համար»:
Վերլուծաբանը հենց այս համատեքստում է դիտարկել այն փաստը, որ ապրիլի 28-ին «Արթուն ենք» շարժման՝ վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությունից հետո «Միացյալ ազգային սոցիալիստական» կուսակցությունը (ՄԱՍԿ) երկրորդ նույնանման նախաձեռնությունն է սկսել։
Մանրամասները՝ Armenia Today-ի տեսանյութում։