Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 230-ը, «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել Է Ալ Աքսա հեռուստաալիքը:
«Տներին, դպրոցներին, ապաստարաններին և տեղահանված անձանց համար նախատեսված վրաններին ավիահարվածների հետևանքով, նախնական տվյալներով, կա ավելի քան 230 զոհ և 350 տուժած, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են»,- ասվում է հրապարակման մեջ։
ՀԱՄԱՍ-ում, իր հերթին, ընդգծել են, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ստորագրել է իսրայելցի պատանդների մահվան դատավճիռը»:
Հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Փետրվարի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան թույլ չի տա Գազայի հատվածի բնակիչներին վերաբնակեցնելու և այն «մաքրելու» ամերիկյան նոր վարչակազմի ծրագրերն իրականացնել։
Փետրվարի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է ստանձնել Գազայի հատվածի կառավարումը, այդ թվում՝ ականազերծել տարածքը և քանդել ավերված շենքերը: Նրա ծրագրի համաձայն՝ տարածաշրջանը պետք է վերածվի «Միջին Արևելյան Ռիվիերայի»։ Դա ենթադրում է Գազայի բոլոր բնակիչների կամ մեծ մասի վերաբնակեցում այլ երկրներում։ Արաբական հինգ երկրների արտգործնախարարներ քննադատել էին այս առաջարկը: Թրամփը փետրվարի 26-ին հրապարակել էր արհեստական ինտելեկտի միջոցով ստեղծված տեսահոլովակ, որտեղ ցույց էր տալիս Գազայի հնարավոր ապագան՝ համաձայն իր պլանի։