ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «կարևոր նամակ» է ստացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից, որում նա հայտնել է խաղաղ երկխոսություն սկսելու իր պատրաստակամության մասին։ Կոնգրեսում Թրամփի ելույթը հեռարձակել է Սպիտակ տունը։
«Նամակում ասվում է, որ Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ խաղաղության հասնելու նպատակով և ընդգծել, որ ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան ուկրաինացիները»,- մանրամասնել է ԱՄՆ-ի նախագահը։
Թրամփի խոսքով՝ Ռուսաստանը նույնպես ազդանշան է տվել, որ պատրաստ է խաղաղության։
«Հիմա ժամանակն է դադարեցնել այս խելագարությունը։ Ժամանակն է վերջ տալ այս անիմաստ պատերազմին»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը հավելել է, որ նամակում Զելենսկին իր պատրաստակամությունն է հայտնել օգտակար հանածոների և անվտանգության վերաբերյալ համաձայնագիր ստորագրել՝ Միացյալ Նահանգների համար հարմար պահին։
Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման գործընթացը մեկնարկել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թրամփի միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։ Փետրվարի 15-ին Սաուդյան Արաբիան պատրաստակամություն էր հայտնել երկրում ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը։ Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել։
Փետրվարի 18-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ-ն ցանկանում է գրեթե լիակատար վերահսկողություն ունենալ ուկրաինական ռեսուրսների և դրանցից ստացված եկամուտների կեսի վրա։
Փետրվարի 28-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել էր Վաշինգտոն՝ հանքարդյունաբերության գործարք կնքելու համար։ Նրա հանդիպումը Թրամփի հետ վերածվել էր վիճաբանության՝ հենց լրատվամիջոցների առջև, և գործարքը ձախողվել էր: