Դեկտեմբերի 31-ին՝ հայ ազգային-ազատագրական շարժման առաջնորդ Գարեգին Նժդեհի ծննդյան օրվան ընդառաջ, «Կարին» ազգագրական համույթն ուխտագնացություն կկազմակերպի դեպի Սպիտակավոր վանք, որտեղ գտնվում է նրա գերեզմանը։
Ուխտագնացությունը կանցկացվի «Ինքնության ճանապարհ» նախաձեռնության կողմից և կլինի այս տարվա վերջին միջոցառումը։ Վանքի տարածքում համույթի անդամները կանցկացնեն ավանդական պարերի ուսուցում, իսկ օրը կեզրափակվի ռազմապարերով։
Երթուղու երկարությունը կկազմի 9,4 կմ, հարաբերական բարձրությունը՝ 650 մ։ Մասնակցության արժեքը 8500 դրամ է, գումարը ներառում է տրանսպորտ, ուղեկցորդի ծառայություններ և պարուսուցում։ Խումբը կմեկնի դեկտեմբերի 31-ին՝ ժամը 06:30-ին, Երևանի Նժդեհի հուշարձանի մոտից և կվերադառնա ժամը 20:00-ին։
2025 թվականի հունվարի 1-ին լրանում է Գարեգին Նժդեհի (Տեր-Հարությունյան) ծննդյան 139-ամյակը։ Նա մահացել է 69 տարի առաջ՝ 1955 թվականի դեկտեմբերի 21-ին՝ Ռուսաստանի Վլադիմիր քաղաքի բանտում, որտեղ նրան թաղել են։ 1987 թվականին նրա աճյունը տեղափոխվել էր Վայոց ձորի Սպիտակավոր վանք։