«Իմնեմնիմի» փոդքասթի համահիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանը և նույն փոդքասթի հաղորդավար Վազգեն Սաղաթելյանը վարչական հսկողությամբ ազատ են արձակել, հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Մարտի 22-ին Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Սամսոնյանին և Սաղաթելյանին խուլիգանություն կատարելու հոդվածով մեղադրանք է առաջադրվել՝ հաղորդման ընթացքում ՀՀ կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին «հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցրելու» համար։ Սամսոնյանը և Սաղաթելյանը 2 ամսով կալանավորվել էին։ Ապրիլի 29-ին դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել էր Սամսոնյանի կալանքի դեմ Մելիքյանի ներկայացրած հատուկ վերանայման բողոքը։
«Նարեկն ու Վազգենն ազատ արձակվեցին վարչական հսկողությամբ։ Պայմանը՝ հրապարակավ չհայհոյել ու անպարկեշտ արտահայտություններ թույլ չտալ, ինչպես նաև եթեր դուրս չգալ «Իմնեմնիմի» փոդքաստով»,- տեղեկացրել է Մելիքյանը։