«Վեոլիա ջուր» ընկերության դեմ դատական խմբային հայցեր են նախապատրաստվելու, հայտնել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
Նա նշել է, որ նախատեսվող հայցերի հիմքում ամռան ընթացքում կատարված ջրի փորձաքննություններն են, ըստ որոնց՝ որոշ հատվածներում Գառնու ջրին արտեզյան ջուր է խառնած։ Հովհաննիսյանը նշել է, որ արտեզյան ջուրն իր տեսակով կոշտ է։
«Սա հանգեցրել է վիճակի, որ տարբեր բնակավայրերում կոշտության ցուցանիշը կա՛մ գերազանցել է Առողջապահության նախարարության սահմանած ցուցանիշը, կա՛մ այդ սահմանագծին է։ Սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացին սահմանված ցուցանիշին չհամապատասխանող ջրի համար է վճարում»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ քաղաքացիները, ովքեր կարծում են, որ ջրի որակը վատացել է, կարող են դիմել իրեն՝ հետագայում նաև փորձաքննությունների նպատակով։ Նա նաև իրավաբաններին է կոչ արել միանալ նախաձեռնությանը։
Հովհաննիսյանը հավելել է, որ խնդիրն առկա է հատկապես Էրեբունի վարչական շրջանում, Խարբերդ և Մասիս բնակավայրերում։
Բյուրեղավանում հուլիսի 18-ի գիշերն աղիքային վարակի 14 դեպք էր գրանցվել, 6 մարդ հոսպիտալացվել էր։






































