Եվրոպայի խորհրդի Բաքվի գրասենյակի ղեկավար Պյոտր Ցիխը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ 2016 թվականին հայ զինծառայողի մահվան վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշման կապակցությամբ։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով արտաքին գործերի նախարարությանը, Ցիխին «խիստ բողոք են հայտնել» դատարանի որոշման վերաբերյալ, որը նախարարությունն անվանել է «անարդար, կողմնակալ և միջազգային իրավունքին հակասող»։
Բաքուն նաև բողոքել է ՄԻԵԴ-ի որոշման մեջ Լեռնային Ղարաբաղի բանակի և իշխանությունների մասին հղումներով։ Նշվել է, որ Ադրբեջանը մտադիր է «քննարկել իր շահերը պաշտպանելու բոլոր հնարավոր միջոցները» և «ձեռնարկել համապատասխան քայլեր»։
ՄԻԵԴ-ն ավելի վաղ պարտավորեցրել էր Ադրբեջանին 90 000 եվրո փոխհատուցում վճարել հայ զինծառայող Հայկ Թորոյանի հարազատներին՝ հայտնաբերելով կյանքի իրավունքի և խոշտանգումների արգելքի խախտումներ 2016 թվականի ապրիլին Արցախում ապրիլյան պատերազմի ժամանակ։ ՄԻԵԴ-ին բողոք են ներկայացրել մահացած զինծառայողի ծնողներն ու քույրը։
Թորոյանը զոհվել էր 2016 թվականի ապրիլի 2-ին, Թալիշի ուղղությամբ տեղակայված 170-րդ մարտական դիրք զինամթերք տեղափոխելու ժամանակ։ Նրանց բեռնատարն ընկել էր շրջափակման մեջ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ապացուցված է համարել այն փաստը, որ վիրավորվելուց հետո, կենդանության օրոք թշնամին նախ կտրել է Թորոյանի դաստակները, ապա՝ գլուխը, ինչն էլ հանգեցրել է մահվան։ Թորոյանը հուղարկավորված է Եռաբլուր պանթեոնում։ Մինչ օրս նրա աճյունի պակասող մասերը չեն վերադարձվել։






































