Թեհրանը Շվեյցարիայում տեղի ունեցած քննարկումների ընթացքում համաձայնեցրել է մի քանի հարցի լուծում, այդ թվում՝ նավթի արտահանումը և Իրանի ակտիվների ապասառեցումը, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։
«Չեղարկվել են նավթի և նավթաքիմիական արտադրանքի արտահանման մաքսատուրքերը, հանվել է շրջափակումը, ապասառեցվել են որոշ սառեցված ակտիվներ, ինչպես նաև մեկնարկել է Իրանի վերականգնման և զարգացման լայնածավալ ծրագիրը»,- X-ում գրել է Արաղչին։
Շվեյցարիայում հունիսի 21-ին ավարտվել էր ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների առաջին փուլը, որը հիմնականում կրել էր տեխնիկական բնույթ։ Հանդիպման միջնորդ երկրներն էին Պակիստանն ու Կատարը։ IRIB գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո, ըստ որի՝ Վաշինգտոնը նոր հարված կհասցնի Իրանին, եթե Թեհրանը չդադարեցնի Լիբանանում գործող իրանամետ խմբավորումների գործունեության աջակցությունը, իրանական պատվիրակությունը լքել էր ԱՄՆ ներկայացուցիչների հետ բանակցությունների վայրը։ Բանակցությունների դադարից հետո Իրանի պատվիրակությունը միջնորդական խորհրդակցություններ էր սկսել կատարական կողմի ներկայացուցիչների հետ։
ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունն Իրանի դեմ սկսվել էր փետրվարի 28-ին։ Հունիսի 18-ին ԱՄՆ-ն և Իրանը հուշագիր էին ստորագրել երկու երկրների միջև ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ: 14 կետից բաղկացած փաստաթղթով ևս 60 օրով երկարաձգում է ապրիլին կողմերի միջև հայտարարված հրադադարը, որի ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը պետք է համաձայնեցնեին վերջնական հրադադարը։


























