50 մտավորական հանդես է եկել «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի և «բոլոր քաղբանտարկյալների» պաշտպանության հայտարարությամբ՝ պահանջելով նրանց ազատ արձակել։
Ստորագրողները պնդել են, որ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդումն սկսվել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից երկու շաբաթ առաջ՝ նախընտրական քարոզարշավը խափանելու և նրան քաղաքական գործընթացներից մեկուսացնելու նպատակով։
Հայտարարության հեղինակները պնդել են, որ ընտրություններն անցել են «ապօրինությունների, բռնաճնշումների, վախի մթնոլորտի տարածման, ընդդիմության նկատմամբ հրապարակային սպառնալիքների, ձերբակալությունների և հետապնդումների» պայմաններում։
Ստորագրողները հայտարարել են, որ երկրում տեղի ունեցող գործընթացների ֆոնին «լռելու և անտարբեր լինելու բարոյական իրավունք չունեն»։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնել Թևանյանին և ազատազրկված մյուս անձանց՝ նշելով, որ նրանք «լծված են պետության գոյության համար պայքարի գործին»։
Հայտարարությունն ստորագրել են ռեժիսոր Արթուր Սահակյանը, դերասան Լևոն Հարությունյանը, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, երգիչներ Ներսիկ Իսպիրյանը, Դավիթ Ամալյանը, Արամոն, երգչուհի Էմմա Պետրոսյանը, գրող Մերուժան Տեր-Գուլանյանը և այլք։
Թևանյանի նկատմամբ գործողություններն սկսվել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նրա դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու մասին արված հայտարարությունից մեկ օր անց։ Քննչական կոմիտեն մայիսի 21-ին հայտնել էր Թևանյանի նկատմամբ պետական դավաճանության և լրտեսության փաստով քրվարույթ նախաձեռնելու մասին, մայիսի 23-ին վերջինս երկու ամսով կալանավորվել էր։
Փաստաբան Արամ Օրբելյանը նշել էր, որ Թևանյանի դեմ առաջադրված մեղադրանքում պետական գաղտնիք հավաքելու կամ փոխանցելու դրվագ չկա։




























