ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզին, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Կատարի և Պակիստանի համատեղ հայտարարությանը։
Գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների բանակցություններն անցկացվել են Շվեյցարիայում՝ միջնորդների մասնակցությամբ։ Կողմերը պայմանավորվել են, որ տեխնիկական քննարկումները կշարունակվեն այս շաբաթ՝ Շվեյցարիայի Բյուրգենշտոկ հանգստավայրում։
Կատարի և Պակիստանի հայտարարության համաձայն՝ կողմերը համաձայնության են եկել նաև Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման մեխանիզմի շուրջ։ Բացի այդ, բացվել է կապի ուղի՝ Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անվտանգ անցումն ապահովելու համար։
Reuters-ը նշում է, որ բանակցությունները տեղի են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հասցեին հնչեցրած սպառնալիքների և Թեհրանի՝ Հորմուզի նեղուցը կրկին փակելու հայտարարությունների ֆոնին։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կարող է վերսկսել հարվածները, եթե Իրանը չկատարի պայմանավորվածությունները։
Ապրիլին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որից հետո պետք է մեկնարկեին բանակցությունները Պակիստանում, սակայն առաջին փուլը հաջողությամբ չէր ավարտվել։
Հունիսի 12-ին Իրանը հրապարակել էր ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման 14 կետից բաղկացած հուշագիր, իսկ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել էր, որ կողմերը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի վերջնական տեքստի շուրջ։
Շվեյցարիայում հունիսի 21-ին ավարտվել էր ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների առաջին փուլը, որը հիմնականում կրել էր տեխնիկական բնույթ։ Հանդիպման միջնորդ երկրներն էին Պակիստանն ու Կատարը։ IRIB գործակալության փոխանցմամբ՝ Թրամփի հայտարարությունից հետո, ըստ որի՝ Վաշինգտոնը նոր հարված կհասցնի Իրանին, եթե Թեհրանը չդադարեցնի Լիբանանում գործող իրանամետ խմբավորումների գործունեության աջակցությունը, իրանական պատվիրակությունը լքել էր ԱՄՆ ներկայացուցիչների հետ բանակցությունների վայրը։ Բանակցությունների դադարից հետո Իրանի պատվիրակությունը միջնորդական խորհրդակցություններ էր սկսել կատարական կողմի ներկայացուցիչների հետ։
Իրանի նկատմամբ մի շարք սահմանափակումներ հանվել են. Արաղչի
Թեհրանը Շվեյցարիայում տեղի ունեցած քննարկումների ընթացքում համաձայնեցրել է մի քանի հարցի լուծում, այդ թվում՝ նավթի արտահանումը և Իրանի ակտիվների ապասառեցումը,...
































