Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Ռազա Նաքվին միջնորդական ջանքերի շրջանակում մեկնել է Թեհրան, որոնք ուղղված են Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային ծրագրի ու պատժամիջոցների չեղարկման հարցերով բանակցությունների կազմակերպմանը, հայտնում է IRNA գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ Նաքվին իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկի «նոր առաջարկներ», որոնք ուղղված են Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնության հասնելուն։
IRNA-ն հիշեցնում է, որ Նաքվին նախօրեին հանդիպել էր Իրանի ներքին գործերի նախարար Էսքանդար Մոմենիի հետ՝ Ղրղզստանում ՇՀԿ անդամ երկրների ՆԳ նախարարների հանդիպման շրջանակում։ Պակիստանը վերջին ամիսներին միջնորդական ջանքեր է գործադրում Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների համար։
Ապրիլին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որից հետո պետք է մեկնարկեին բանակցությունները Պակիստանում, սակայն առաջին փուլը հաջողությամբ չէր ավարտվել։ Հունիսին Իրանը հրապարակել էր ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման 14 կետից բաղկացած հուշագիր, իսկ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել էր, որ ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագիրը կարող է վերջնականապես կնքվել 24 ժամվա ընթացքում։ Միացյալ Նահանգները և Իրանն ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, սակայն հունիսի 19-ին Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները հետաձգվել էին։






































