«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի շուրջ ընդդիմադիր ուժերի միավորման առաջարկի գործընթացի հիմքում պետք է լինի սահմանադրական փոփոխությունների օրակարգը, տեսաուղերձում նշել է «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը։
«Ամենակարևորը, որպեսզի հիմնական նպատակը դրված չլինի մեկին հեռացնել, մեկ ուրիշ անձի բերել, կարգել մեզ թագավոր»,- հայտարարել է նա՝ նշելով, որ այդ տրամաբանությամբ նախագիծը չի աշխատի։
Կարապետյանցի խոսքով՝ միավորման արդյունավետ տարբերակը ժամանակավոր կոալիցիոն կառավարության ձևավորումն է։
«Եկեք բոլորս հավաքվենք, ստեղծենք ժամանակավոր կոալիցիոն կառավարություն և բերենք սահմանադրական փոփոխություններ»,- նշել է նա։
Նրա գնահատմամբ՝ այդ փոփոխությունները պետք է ուղղված լինեն իշխանության ամբողջական կենտրոնացման կանխմանը և զսպումների ու հակակշիռների մեխանիզմների ստեղծմանը։
«Այնպիսի սահմանադրական փոփոխություններ են անհրաժեշտ, որոնք հնարավորություն կտան կանխելու ամբողջական իշխանության ուզուրպացիան, կստեղծեն բալանսներ, հակակշիռներ»,- ասել է Կարապետյանցը։
Նա ընդգծել է, որ այդ օրակարգի շուրջ կարող են համախմբվել տարբեր քաղաքական ուղղվածություն ունեցող ուժեր։
«Մի կողմ դնենք մեր նախասիրությունները, մեր սիմպատիաներն ու անտիպատիաները, եթե իսկապես մեր հայրենիքը, մեր պետությունը, մեր Հայաստանը մեզ համար կարևոր է»,- նշել է նա։
Կարապետյանցի խոսքով՝ ժամանակավոր կառավարության գործունեությունից հետո պետք է անցկացվեն ընտրություններ։ Նա նաև կոչ է արել Կարապետյանին ստեղծել բաց քննարկման հարթակ՝ քաղաքական համակարգի փոփոխությունների շուրջ։
Կարապետյանը հունիսի 18-ին հայտարարել էր հետընտրական ընդդիմադիր կոալիցիա և համակարգող խորհուրդ ստեղծելու, ինչպես նաև ընդդիմադիր բոլոր ուժերի մասնակցությամբ համատեղ հանրահավաք անցկացնելու մտադրության մասին։ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հաստատել էր ընդդիմադիր ուժերի համախմբման անհրաժեշտությունը:
Խորհրդարանական ընտրություններին մասնակցած 18 քաղաքական ուժերից 7-ը հունիսի 19-ին դիմում էր ներկայացրել Սահմանադրական դատարան՝ վիճարկելով քվեարկության արդյունքները։ Քաղաքական ուժերից հիմնականում պահանջել են անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։



































