ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում քննարկվել է գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող պետական մարմինների փոխգործակցությունը, հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Նիստը տեղի է ունեցել ԱԱԾ տնօրեն Արմեն Սիմոնյանի գլխավորությամբ։ Մասնակիցները քննարկել են պետական կառույցների աշխատանքների համակարգման, ինչպես նաև 2026 թվականի մայիսի 1-ից ուժի մեջ մտած «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի կիրարկման հարցերը։
Սիմոնյանը ներկայացրել է նաև նախորդ նիստի արդյունքներով տրված հանձնարարականների կատարման ընթացքը։
Քննարկումների արդյունքում հանձնաժողովի անդամներին տրվել են նոր հանձնարարականներ և սահմանվել հետագա աշխատանքների հիմնական ուղղությունները։
Հաձնաժողովի նախորդ նիստը կայացել էր 2025 թվականի դեկտեմբերի 29-ին, որի ժամանակ Սիմոնյանը նշել էր, որ անհետ կորածների հարցը դիտարկվում է բացառապես որպես հումանիտար խնդիր։
ՀՀ քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին, որ 44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորած է համարվում 191 մարդ, որից172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ։
Բաքվում գտնվող հայ գերիների թիվը, պաշտոնական տվյալներով, 19 է:






































