Հայաստանի իշխանությունը հունիս ամսվա ընթացքում թարմ պտուղ-բանջարեղեն, շշալցված գինի, բրենդի և հանքային ջուր արտահանող ընկերություններին կտրամադրի ֆինանսական փոխհատուցում։ Որոշումն այդ մասին գործադիրն ընդունել է հունիսի 11-ի նիստում։
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը Խոջոյանը ներկայացրել է նոր կարգի մանրամասները՝ նշելով, որ պետական աջակցության չափը կախված է արտահանվող ապրանքատեսակից և ծավալից։ Ըստ այդմ՝ թարմ կեռասի յուրաքանչյուր մեկ կիլոգրամի համար սահմանվել է 400 դրամ փոխհատուցում, իսկ սալորի, դեղձի և նեկտարինի յուրաքանչյուր մեկ կիլոգրամի համար տնտեսվարողները կստանան 250 դրամ։ Ծիրանի արտահանման դեպքում մեկ կիլոգրամի դիմաց կվճարվի 200 դրամ։
Ինչ վերաբերում է խմիչքներին և հեղուկներին, ապա շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր մեկ լիտրի համար նախատեսված է 350 դրամ, շշալցված բրենդիի յուրաքանչյուր մեկ բացարձակ լիտրի համար՝ 830 դրամ, իսկ հանքային ջրի արտահանման դեպքում փոխհատուցումը կկազմի 150 դրամ։
Աջակցությունից օգտվելու համար տնտեսվարող սուբյեկտները պետք է դիմեն Էկոնոմիկայի նախարարություն՝ ներկայացնելով երկու փաստաթուղթ։ Դրանք են Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանման նպատակով լրացված տարանցման հայտարարագրի կամ «Արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված հայտարարագրի պատճենները, ինչպես նաև հաշվարկային փաստաթուղթը՝ հաշիվ-ապրանքագիրը։
Քանի որ նախագծի գործողությունը տարածվում է հունիսի 1-ից իրականացված արտահանումների վրա, Խոջոյանը նշել է, որ հունիսի 1-ից հետո արդեն իսկ արտահանված շուրջ 257,000 կիլոգրամ կեռասի և 64,900 կիլոգրամ ծիրանի համար տնտեսվարողները նույնպես կարող են դիմել և ամսվա ավարտին ստանալ սահմանված փոխհատուցումը։
Նրա խոսքերով՝ չափաքանակները որոշելիս հաշվի են առնվել սեզոնայնությունը և ապրանքների գնի նկատմամբ զգայունությունը։ Փոխնախարարը հավելել է, որ եղանակային պայմանների պատճառով այս գյուղատնտեսական տարին մի փոքր ուշացած է, և եթե նախորդ տարի ծիրանի բերքահավաքն արդեն մայիսի 25-30-ին մեկնարկել էր, ապա այս տարի հիմնական բերքահավաքն սկսվելու է հունիսի 15-ին։ Գնային տարբերությունները հաշվի են առնվել հենց այս նկատառումով։
Փոխնախարարը հայտնեց նաև, որ միայն հունիսի 1-ից հետո ընկած նախորդ շաբաթվա ընթացքում Հայաստանից արտահանվել է 961 հազար հատ ծաղիկ Արաբական Միացյալ Էմիրությունները, Ռումինիան, Բուլղարիան, Լատվիան, Կիպրոսը, Նիդերլանդները և այլ երկրներ։ Խոջոյանը շեշտել է, որ սկզբնական փուլում քանակների առումով հնարավոր է փոքր զսպվածություն լինի։
Կառավարությունն ընդունել է նաև նախագիծ, որը վերաբերում է չշշալցված կոնյակի սպիրտի արտահանմանը։ Ըստ գործադիրի՝ այն ուղղակիորեն փոխկապակցված է խաղողի մթերման ծավալների հետ։ Այն կազմակերպությունները, որոնք արտահանում են իրականացնում 100,000 լիտրը գերազանցող ծավալով, մեկ բացարձակ լիտրի համար վճարում են 100 դրամ պետական տուրք։
Նոր որոշմամբ՝ կառավարությունը հանձնառություն է ստանձնում 2026 թվականի հունիսի 1-ից մինչև 2027 թվականի հունիսի 1-ը տնտեսվարողներին ամբողջությամբ փոխհատուցել այդ տուրքի գումարը այն պայմանով, որ իրենք խաղողի մթերման սեզոնի ժամանակ կգնեն արտահանված ծավալին համապատասխան խաղող։ Հաշվարկն իրականացվելու է մեկ բացարձակ լիտր սպիրտը 11 կիլոգրամ խաղողի սկզբունքով։
Տնտեսվարողներին կթույլատրվի արտահանել իրենց մթերած ծավալից երկու անգամ ավելի շատ սպիրտ, որպեսզի ընկերությունները հնարավորություն ունենան սպառելու նաև նախորդ տարիներից իրենց մոտ կուտակված պաշարները։
Նախագծերն ընդունվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև լարվածության ֆոնին։ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները լարվել են՝ հայկական կողմից ՀԱՊԿ գործունեության քննադատության և Հայաստանի՝ Եվրամիության հետ կապերի ընդլայնման շուրջ հայտարարությունների շրջափուլում։
Այս փուլում ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ-ից մի շարք ապրանքների ներմուծումը, կասեցրել ՌԴ-ում գտնվող խմբաքանակների իրացումը։ Ապրանքների թվում են ծաղիկները, «Ջերմուկ» հանքային ջուրը, խմիչքի առանձին խմբաքանակներ, մրգեր, բանջարեղեն, ինչպես նաև չրեր։ Հայկական ընկերությունների կողմից ձկան և ձկնամթերքի ներկրումը կասեցվել էր հունիսի 1-ին։
Դիտեք նաև՝
Ծաղիկները սպասում են ընտրություններին
Փաշինյանը սուբսիդիաներ է խոստացել ՌԴ սահմանափակումներից տուժած բիզնեսին



































