Դատարանը բավարարել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայցն ընդդեմ ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի, տեղեկանում ենք Բագրատ Սրբազանի Facebook-յան էջից։ Դատարանը զրպարտության համար սահմանել է ոչ նյութական վնասի հատուցում:
Նշվում է, որ Սաֆարյանը մի քանի անգամ տարածել է գրառումներ, որտեղ «խորը անասուն» արտահայտությունը վերագրել է Գալստանյանին, սակայն Սրբազանի կողմից այդ արտահայտությունը երբեք չի հնչեցվել, տարածված ձայնագրության մեջ տվյալ արտահայտությունն անողն ակնհայտորեն Բագրատ Սրբազանը չէ:
Դատարանն արձանագրել է, որ կա զրպարտություն, և սահմանել է հատուցում՝ 100 000 դրամի չափով` չնայած հայցվորը պահանջել էր 3 000 000 դրամ:
2025 թվականի հուլիսին Բագրատ Սրբազանն իր հասցեին վիրավորանքի և զրպարտության համար դատական հայցեր էր ներկայացրել մի շարք քաղաքական ու հասարակական գործիչների դեմ, որոնց թվում են Սաֆարյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։


































