Դատախազությունը որոշում է կայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեճից հետո կալանավորված, ապա հացադուլ հայտարարած Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու մասին, հայտնել են գերատեսչությունից։
Նշվում է, որ որոշումն ուղարկվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ նրան անհապաղ ազատ արձակելու նպատակով:
Ըստ հաղորդագրության՝ հսկող դատախազը, ի թիվս այլնի, հաշվի է առել քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների կողմից Օսիպյանի նկատմամբ երաշխավորություն ստանձնելու պատրաստակամության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին և հսկող դատախազին ուղղված միջնորդությունները։
Հունիսի 9-ին նրա փաստաբան Դավիթ Հովհաննիսյանն Armenia Today-ին հայտնել էր, որ արցախցի գործչի առողջական վիճակը վերջին օրերին վատթարացել է։
Օսպիյանը ձերբակալվել էր Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։ Քաղաքական գործիչը պնդել էր, թե Փաշինյանը տեղյակ էր Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից բաժանվող ընտրակաշառքների մասին, սակայն, չնայած դրան, աջակցել էր նրան։ Միջադեպի ընթացքում վարչապետը դիմել էր Օսիպյանին՝ հետևյալ խոսքերով. «Գնայիր, զոհվեիր, դու խի՞ ես կենդանի, ռադդ քաշի, համբալի մեկը»։
Մայիսի 21-ին Օսիպյանին կալանավորել էին, որից հետո նա հացադուլ էր հայտարարել։ Մայիսի 29-ին արցախցի գործիչը վարչապետից պահանջել էր ներողություն խնդրել իրենից և այն արցախցիներից, որոնք, նրա խոսքով, չեն խուսափել պատերազմից և ստիպված էին Արցախը լքել։



































