Գյումրիում գիշերը տեղացած ուժեղ անձրևից և կարկուտից հետո տներ են ջրալցվել, իսկ անձրևաջրերի կուտակման պատճառով մեքենաներ են արգելափակվել, հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ ժամը 00:09-ից սկսած Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն բազմաթիվ հաղորդումներ են ստացվել քաղաքում եղանակային պայմանների հետևանքների վերաբերյալ։
Գյումրու քաղաքապետարանը հայտնել է, որ ուժեղ անձրևի և կարկուտի հետևանքով քաղաքի առանձին հատվածներում ջրի և սառույցի կուտակումներ են առաջացել՝ խնդիրներ ստեղծելով բնակիչների և տրանսպորտային միջոցների համար։
Քաղաքապետարանի տվյալներով՝ ամենաբարդ իրավիճակը ստեղծվել է Տերյան փողոցից դեպի Ախուրյան տանող կամրջի տակ։ Այնտեղ ջրի և սառույցի խոշոր կուտակումներ են առաջացել, ինչի հետևանքով այդ հատվածում երթևեկությունն արգելափակվել է։
Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Չադրյանը հայտնել է, որ առանձին հատվածներում կարկուտի և սառցաշերտի բարձրությունը հասել է 1,5 մետրի։ Նրա խոսքով՝ ստորգետնյա ջրահեռացման համակարգերը գործել են, սակայն ջրի ծավալը թույլ չի տվել ժամանակին ապահովել ամբողջական ջրահեռացումը։
Բնակկոմունալ բաժնի և կոմունալ ծառայության աշխատակիցները հեռացրել են սառցաշերտը, մաքրել ճանապարհը և վերականգնել տրանսպորտի երթևեկությունը, իսկ փրկարարական ստորաբաժանումները դուրս են բերել արգելափակված տրանսպորտային միջոցները, տարհանել բնակիչներին, իրականացրել ջրալցումների կանխարգելման, ինչպես նաև ջրահեռացման և մաքրման աշխատանքներ։
Տուժածների մասին չի հաղորդվում։





































