Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում առանձնազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեճից հետո կալանավորված և հացադուլ հայտարարած Արթուր Օսիպյանի հետ, հայտնել են ՄԻՊ աշխատակազմից։
Հունիսի 9-ին նրա փաստաբան Դավիթ Հովհաննիսյանն Armenia Today-ին հայտնել էր, որ արցախցի գործչի առողջական վիճակը վերջին օրերին վատթարացել է։
Մանասյանն, ըստ ՄԻՊ հաղորդագրության, Օսիպյանին ներկայացրել է տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու հնարավոր բացասական հետևանքները նրա առողջական վիճակի վրա։
Պաշտպանի գրասենյակից հայտնել են, որ արցախցի գործչի կողմից բարձրաձայնված` քրեական վարույթին առնչվող հարցերը կհասցեավորվեն իրավասու մարմիններին։ Նշվում է, որ ՄԻՊ-ը կարևորել է այլընտրանքային խափանման միջոցի կիրառման հնարավորության հարցը քննարկման առարկա դարձնելը:
Օսպիյանը ձերբակալվել էր Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։ Քաղաքական գործիչը պնդել էր, թե Փաշինյանը տեղյակ էր Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից բաժանվող ընտրակաշառքների մասին, սակայն, չնայած դրան, աջակցել էր նրան։ Միջադեպի ընթացքում վարչապետը դիմել էր Օսիպյանին՝ հետևյալ խոսքերով. «Գնայիր, զոհվեիր, դու խի՞ ես կենդանի, ռադդ քաշի, համբալի մեկը»։
Մայիսի 21-ին Օսիպյանին կալանավորել էին, որից հետո նա հացադուլ էր հայտարարել։ Մայիսի 29-ին արցախցի գործիչը վարչապետից պահանջել էր ներողություն խնդրել իրենից և այն արցախցիներից, որոնք, նրա խոսքով, չեն խուսափել պատերազմից և ստիպված էին Արցախը լքել։




































