ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Վաշինգտոնը դիտարկում է Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելի առևանգման սցենարը, սակայն վերջնական որոշումը կկայացնի նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնել է «Կոմերստանտը»։
Լրագրողների հետ զրույցում Հեգսեթը նշել է՝ «բոլոր տարբերակները սեղանին են»։
Այս հայտարարությունների և կղզու մերձակայքում ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնման ֆոնին վենեսուելական Versión Final թերթը հայտնել է, որ Հավանան սկսել է զենք բաժանել խաղաղ բնակչությանը՝ պաշտոնապես կոչ անելով պատրաստվել հնարավոր օտարերկրյա ներխուժմանը։
Կուբայի շուրջ լարվածությունն աճում է արդեն մի քանի ամիս․ մայիսին Politico պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ Հարավային հրամանատարությունը պոտենցիալ ռազմական գործողություններ է նախապատրաստում կղզու դեմ՝ պայմանավորված նրանով, որ Սպիտակ տունը հուսախաբ է եղել ամերիկյան ճնշումների արդյունքներից։ Միևնույն ժամանակ The New York Times-ը տեղեկացրել էր Կուբայի նախկին առաջնորդ Ռաուլ Կաստրոյին գերեվարելու հնարավոր պլանների մասին։ Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ԱՄՆ նախագահը նոր պատժամիջոցներ էր սահմանել Կուբայի ղեկավարության դեմ։




































