Նախընտրական բանավեճերի ժամանակ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, ընդդիմադիր քաղաքական ուժի առաջնորդի նկատմամբ կրկին սպառնացել է քրեական հետապնդմամբ և կոչ է արել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին բարձրացնել ընդդիմադիր 3 ուժին գրանցումից հանելու հարցը:
Փաշինյանը կոչ է արել Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանին և «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ չեղարկելու «Հայաստան», «Ուժեղ Հայաստան» դաշինքների և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրանցումը։
«Դուք կարող եք դիմել այդ հարցով, որովհետև երբ մենք դիմենք, այդ մարդիկ ասելու են՝ վախեցան ընտրությունները պարտվեն ու մրցակիցներին հանում են»,- ասել է Փաշինյանը։
Նա հորդորել է առավոտյան այդ հարցով հրատապության կարգով դիմել ԿԸՀ։ Փաշինյանը նաև հայտարարել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Ըստ նրա՝ բոլոր նրանք, ովքեր այժմ գտնվում են անազատության մեջ, կա՛մ մեղադրվում են սպանությունների, կա՛մ պետության դեմ ագրեսիա նախապատրաստելու մեջ։ Փաշինյանի համոզմամբ՝ հասարակությունն արդեն հոգնել է քաղբանտարկյալների թեմայով «սերիալներից»։
Նա նաև նշել է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը «պետք է նստի»։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը հայտարարել է՝ այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանը Կարապետյանի դատավճիռը ձեռքին է եկել։
Քննարկման առիթ է դարձել ընդդիմախոսների կողմից հնչեցված մեղադրանքն այն մասին, որ իշխանությունները կալանավորել են արցախցի ակտիվիստ Արթուր Օսիպյանին, ով արդեն 17 օր է՝ բանտում հացադուլ է հայտարարել:




































