Չեխիայի 12 քաղաքներում հազարավոր ակտիվիստներ բողոքի ակցիաներ են իրականացնում հանրային հեռուստաալիքների և ռադիոկայանների ֆինանսավորման համակարգը փոխելու կառավարության ծրագրերի դեմ, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ČTK լրատվական գործակալությանը։
Բողոքի ակցիաներն անցկացվում են երկրի երկրամասային վարչական կենտրոններում։ Մասնավորապես, Բռնոյում փողոց է դուրս եկել շուրջ 3000 ակտիվիստ, իսկ մայիսի 5-ին բազմահազարանոց հանրահավաք էր տեղի ունեցել Պրահայում։ Ակցիաները կազմակերպում է «Միլիոն պահ ժողովրդավարության համար» քաղաքացիական նախաձեռնությունը, որի մասնակիցները քննադատում են գործող կառավարությանը և պահանջում պահպանել հանրային ԶԼՄ-ների անկախությունը։
Ըստ չեխական լրատվամիջոցների՝ դժգոհության պատճառն օրենսդրական փոփոխություններն են, որոնք նախատեսում են հրաժարվել հեռուստացույց և ռադիոընդունիչ ունեցող քաղաքացիների կողմից վճարվող ուղղակի մուծումների պատմական պրակտիկայից։ Փոխարենն առաջարկվում է ֆինանսավորումն իրականացնել պետական բյուջեից, ինչը, ըստ ցուցարարների, էապես կսահմանափակի ԶԼՄ-ների գործունեությունը և նրանց կդարձնի կախյալ իշխանություններից։





































