Կրեմլում ցանկանում են Երևանից պարզաբանում ստանալ այն մասին, թե ինչու է Հայաստանն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին հարթակ տրամադրել հակառուսական հայտարարությունների համար, լրագրողներին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա հայտարարել է, որ «աննորմալ» է համարում այն, որ Ռուսաստանի դաշնակից Հայաստանը Զելենսկիին հնարավորություն է տվել «ռուսատյաց հայտարարություններ» անել։
«Սա չի համապատասխանում Երևանի հետ մեր հարաբերությունների ոգուն»,- նշել է Պեսկովը։
Միաժամանակ, նա ընդգծել է, որ Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի անցկացնել ցանկացած միջոցառում, այդ թվում՝ ԵՄ-ի հետ գագաթնաժողով։ Պեսկովը նաև նշել է, որ Երևանը վարում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն։
Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ միջազգային գագաթնաժողովների ընթացքում տարբեր երկրների ղեկավարների ձեռքսեղմումները բնական երևույթ են, և հիշեցրել է, որ Ուկրաինայի պատերազմը «Հայաստանի պատերազմը չէ»։
«Մեզ համար գլխավորն այն է, որ Հայաստանը հակառուսական դիրքորոշում չորդեգրի»,- եզրափակել է Պեսկովը։
ՀՀ-ԵՄ և Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովներին Հայաստան այցելած Զելենսկին հայտարարել էր, որ ԵՄ-ն պետք է նոր պատժամիջոցներ սահմանի ՌԴ-ի նկատմամբ։
Կարդացեք նաև՝
ՀՀ-ի հետ «փափուկ ամուսնալուծության» տարբերակ կա՝ ԵՄ-ին անդամակցելու դեպքում. Պուտին





































