Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ, որտեղ անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, միջադեպ է գրանցվել անհայտ կորած զինծառայողների հարազատների և արցախցի տեղահանվածների բողոքի ակցիայի ժամանակ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Armenia Today-ի թղթակիցը, ակցիայի վայրում հայտնվել է երիտասարդների խումբ՝ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և ԵՄ-ի դրոշներով: Նրանք սկսել են վանկարկել քաղաքական կոչեր և հայտարարություններ՝ ուղղված ՌԴ-ի դեմ։
Ակցիայի մասնակիցները պահանջել են չխառնել իրենց հումանիտար օրակարգը կողմնակի քաղաքական հայտարարությունների հետ և հորդորել են երիտասարդներին հեռանալ տարածքից:
Վերջիններիս մերժումից հետո ակցիայի մասնակից կանանցից մեկը երիտասարդներին է վերադարձրել նրանց դրոշը և կրկին պահանջել հեռանալ:
Կողմերի միջև տեղի է ունեցել վեճ, ինչից հետո երիտասարդները լքել են ակցիայի տարածքը:




































