Հայաստանն ինքնուրույն կորոշի Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը, Երևանում մայիսի 4-ին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մեկնարկից առաջ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը:
«Հայաստանն ինքն է որոշում կայացնում։ Մեկ ամիս անց այստեղ ընտրություններ են կայանալու։ Եվրոպական օրակարգը «սեղանին է»»,- նշել է նա։
Իր հերթին՝ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան ողջունել է Հայաստանի հավատարմությունը եվրոպական արժեքներին։
«Այստեղ ենք՝ քննարկելու մեր դաշնակիցների և գործընկերների հետ հետագա ինտեգրման ուղիները։ Կքննարկենք նաև պայքարն ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների դեմ»,- հավելել է նա։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի խոսքով՝ գագաթնաժողովը հնարավոր է դարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնության շնորհիվ, որը նպաստում է տարածաշրջանում խաղաղությանը, հարաբերությունների բարելավմանը և փոխկապակցվածության խորացմանը՝ տրանսպորտի, էներգետիկայի և տնտեսության ոլորտներում։
Կոշտան նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է դառնալ վստահելի գործընկեր և աջակցել տարածաշրջանի զարգացմանը, այդ թվում՝ Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը և ապատեղեկատվության, արտաքին ազդեցությունների դեմ պայքարին։ Նա ընդգծել է, որ Եվրոպան պետք է շարունակի առաջնորդվել միջազգային իրավունքի սկզբունքներով՝ միաժամանակ արձագանքելով անվտանգության մարտահրավերներին։
Կոշտան նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գագաթնաժողովը հյուրընկալելու և եվրոպական ուղղությամբ «խիզախ քաղաքական որոշումներ» կայացնելու համար՝ ընդգծելով, որ Հայաստան-ԵՄ մերձեցման ուղին ճիշտ ուղղությամբ է ընթանում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԵՔՀ իր ելույթում Հայաստանին և Ադրբեջանին մաղթել է հասնել կայուն ու տևական խաղաղության՝ ընդգծելով, որ դա կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար։
Նրա խոսքով՝ այս ամառ ՌԴ նախագահ Վլադմիրի Պուտինի համար վճռորոշ պահ է լինելու, քանի որ նա պետք է որոշի՝ շարունակե՞լ պատերազմը, թե՞ անցնել դիվանագիտական լուծման։ Զելենսկին ընդգծել է, որ անհրաժեշտ է շարունակել ճնշումը Մոսկվայի վրա, այդ թվում՝ առաջ տանել պատժամիջոցների 20-րդ փաթեթը։
Ավելի ուշ տեղի ունեցած պանելային քննարկմանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է, որ 8 տարի առաջ Հայաստան «ոչ ոք չէր գա», իսկ հիմա տպավորված է Հայաստանի վերջին տարիների զարգացումներով։
Նրա խոսքով՝ եթե մոտ 8 տարի առաջ «Հայաստանը հաճախ դիտարկվում էր որպես Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող երկիր», ապա «այսօր իրավիճակը փոխվել է»։ Ըստ Մակրոնի՝ «թավշյա հեղափոխությունից» հետո Երևանն ընտրել է խաղաղության և եվրոպական ուղղության ճանապարհը, ինչը, նրա գնահատմամբ, դրական արդյունքներ է տվել։
Ֆրանսիայի նախագահը նաև նշել է, որ Հայաստանի օրինակը համահունչ է այլ երկրների փորձին, այդ թվում՝ Ուկրաինայի և Մոլդովայի։
Փաշինյանն ապրիլին հայտարարել էր, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ընդունումից ի վեր Երևանի ու Բրուսելի հարաբերություններն «աննախադեպ զարգացում են ապրել»։
Թարմացված է՝ 04.05.2026 | 16:05




































