«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի շահերը ներկայացնող միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը հրապարակել է նոր զեկույց՝ Interference by design («Միջամտություն՝ ըստ նախագծի») խորագրով, որտեղ Եվրոպական միությունը մեղադրվում է միջազգային իրավունքի խախտման և հունիսի 7-ի ընտրություններից առաջ Հայաստանի ներքաղաքական գործընթացներին ուղղակի միջամտելու մեջ։
Amsterdam & Partners իրավաբանական ընկերության կողմից պատրաստված փաստաթղթում նշվում է, որ Բրյուսելը հրաժարվել է չեզոքությունից և միակողմանի աջակցություն է ցուցաբերում գործող վարչակազմին՝ անտեսելով ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարման փաստերը։
Փորձագետներն ընդգծել են, որ 300 միլիոն եվրոյի ֆինանսական օգնությունը, «Հիբրիդային արագ արձագանքման թիմի» աշխատանքը և քվեարկությունից մեկ ամիս առաջ Երևանում եվրոպական 44 առաջնորդի մասնակցությամբ գագաթնաժողովի անցկացումը փաստացի հավասարազոր են ընտրական գործընթացի սաբոտաժի։
Amsterdam & Partners իրավաբանական ընկերությունը մատնանշում է Եվրոպական միության կողմից կիրառվող «երկակի ստանդարտները»։ Զեկույցում շեշտվում է, որ մինչ Բրյուսելը խստորեն քննադատում է նմանատիպ խախտումները Հունգարիայում, նույնպիսի հետևողականություն չի ցուցաբերում և լռություն է պահպանում Հայաստանի «ավտորիտար շրջադարձի» վերաբերյալ։
Միջազգային իրավաբանների պնդմամբ՝ այս անտարբերությունը խախտում է ԵՄ սեփական իրավական պարտավորությունները, որոնք ենթադրում են ժողովրդավարական չափանիշների հետևողական պաշտպանություն բոլոր գործընկեր երկրներում։
Զեկույցը կոչ է անում Եվրոպական միությանը անհապաղ կասեցնել իր արձագանքման թիմի գործունեությունը և հետագա ֆինանսավորումը պայմանավորել երկրում քաղաքական դրդապատճառներով հետապնդումների դադարեցմամբ։
Ապրիլին Ամստերդամը Եվրամիությունից պահանջել էր անհապաղ կասեցնել Հայաստանում Հիբրիդային արագ արձագանքման թիմի (HRRT) տեղակայումը և գործողությունները՝ մինչև դրա նկատմամբ անկախ և թափանցիկ վերահսկողության ապահովումը։






































