Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին ՀՀ պետական այցի շրջանակում կայցելի Գյումրի, որտեղ կմասնակցի «Երաժշտական կամուրջ» խորագրով համերգին։ Միջոցառման կազմակերպման վերաբերյալ որոշումն ընդունվել է կառավարության ապրիլի 30-ի նիստում։
Որոշման համաձայն՝ միջոցառման կազմակերպման նպատակով կառավարությունը պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կհատկացնի շուրջ 393 մլն դրամ (ավելի քան 1 մլն դոլար)։
Համերգը տեղի կունենա Գյումրիի Վարդանանց հրապարակում։ Այն նվիրված կլինի Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությանն ու մշակութային համագործակցության խորացմանը։ Ծրագրում ընդգրկված են հայկական և ֆրանսիական ստեղծագործություններ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և անվանի արտիստների կատարմամբ։
Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշված է, որ Գյումրի քաղաքի ընտրությունը պատահական չէ․ այստեղ առանձնահատուկ վերաբերմունք կա ֆրանսիական մշակույթի նկատմամբ, ինչը պայմանավորված է 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո քաղաքի վերականգնման գործում Ֆրանսիայի ցուցաբերած մեծ աջակցությամբ։
Ֆրանսիայի նախագահի այցը Հայաստան նախատեսված է մայիսի 3-5-ը՝ Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին մասնակցելու համար։
Հաջորդ օրը՝ մայիսի 5-ին, տեղի կունենա ՀՀ-ԵՄ գագաթնաժողովը։





































