«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ուղերձում հայտարարել է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման կարևորության, պետության ամրապնդման և Հայաստանի ու Սփյուռքի ջանքերի համախմբման անհրաժեշտության մասին:
«Տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունը մեզ համար առաջնահերթություն են»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ 21-րդ դարում փակ սահմաններ ունենալը չի կարող չանդրադառնալ երկրի բնականոն զարգացման վրա։
Միևնույն ժամանակ, Կարապետյանը շեշտել է, որ Հայաստանը պետք է ձգտի Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման ու կայունության՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հիման վրա և առանց պատմական ճշմարտության ու ազգային արժանապատվության զիջման։
Կարապետյանը քննադատել է իշխանությունների որոշումը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքից հանելու վերաբերյալ։
«Մենք ականատես ենք ցավալի և հայի համար անհավատալի իրականության․ այսօրվա Հայաստանի ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղասպանությունն իրականացնողներին, ավելին՝ փորձում են հավասարության նշան դնել զոհի և դահիճի միջև։ Եվ բացահայտորեն հայտարարում են, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս իրենց արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ»,- նշել է նա ուղերձում։
Կարապետյանն ընդգծել է, ողբերգությունների միջով անցած և նորից ոտքի կանգնած հայ ժողովուրդին պատմությունը բացի ուժեղ լինելուց, այլ տարբերակ չի թողնում, և Հայաստանի տնտեսության սրընթաց զարգացումն այլ տարբերակ չունի։
«Մենք տեսնում ենք, որ երբ թույլ ենք ու գլխիկոր, մեզ վրա հասած չարիքներն ավելի են սաստկանում։ Հենց այդ թույլ և ապիկար իշխանությունների օրոք էլ ականատես դարձանք մեր երկրորդ հայրենիքի՝ մեր սքանչելի Արցախի կորստին։ Այլևս թույլ չենք տա, որ մեզ կոտորեն։ Ուժեղ և խոհեմ ղեկավարը հենց նա է, որ կանխատեսում է ողբերգությունն ու կանխարգելում այն, և ոչ թե պատահածը մեկնաբանում ու փորձում արդարացումներ գտնել»,- նշել է նա ուղերձում:
«Ուժեղ Հայաստանի» առաջնորդը կոչ է արել Հայաստան-Սփյուռք միասնությամբ հասնել պետության հզորացմանը՝ ընդգծելով, որ թույլ լինելու ժամանակներն անցյալում են:
Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչման միջոցառումներով հիշատակի տուրք է մատուցում 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին։
Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 34 պետություն։ 111 տարի անց Թուրքիան շարունակում է ժխտել Մեծ եղեռնի իրողությունը և պայքարում է Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ նենգափոխելով պատմությունը։
Երևանում ապրիլի 23-ին կայացել էր ավանդական ջահերով երթ, որի ընթացքում այրվել էր Թուրքիայի դրոշը։ Այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, միջոցառման մասնակիցներն Ադրբեջանի դրոշը չեն այրել։
Կարդացեք նաև՝




































