ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատել է Հանրապետության հրապարակում ջահերով երթի մասնակիցների կողմից Թուրքիայի դրոշի այրումը։
Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն «Արմենպրես»-ին հայտնել է, որ Փաշինյանն այդ գործողությունն անվանել է «ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ»։
«Վարչապետը դատապարտում է նման գործելակերպը՝ այն գնահատելով որպես անպատասխանատու և անթույլատրելի։ Միջազգայնորեն ճանաչված պետության, հատկապես հարևան երկրի դրոշի այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ գնահատականի արժանանալ։ Սա ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է»,- Փաշինյանի խոսքներն է մեջբերել խոսնակը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դրոշ այրելն «անիմաստ, ամոթալի և խիստ դատապարտելի գործողություն» է անվանել, որը ստվեր է գցում ապրիլի 24-ի խորհրդի վրա:
Այսօր ավելի վաղ ջահերով երթի մասնակիցները Հանրապետության հրապարակում ավանդաբար այրել էին Թուրքիայի դրոշը։
Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչման միջոցառումներով կհիշի 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 34 պետություն, ավելի քան 70 կազմակերպություն։ 111 տարի անց Թուրքիան շարունակում է ժխտել Մեծ եղեռնի իրողությունը և պայքարում է Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ նենգափոխելով պատմությունը։
Ստամբուլի իշխանությունները ինչպես հաճախ, այս տարի ևս մերժել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման անցկացման թույլտվությունը:






































