ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլցը պնդում է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն առաջիկա 24 ժամվա ընթացքում, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։
«Ես չեմ խորանա ընթացիկ բանակցությունների մանրամասների մեջ, որոնք կվերսկսվեն առաջիկա 24 ժամվա ընթացքում»,- ասել է նա NBC-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով կողմերի միջև քննարկումները։
Ուոլցը նաև հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյոք Իրանը համաձայնե՞լ է իր հարստացված ուրանի պաշարները հանձնել ԱՄՆ-ին, ինչպես պահանջել է ԱՄՆ վարչակազմը։
Ապրիլի 11-ին Իսլամաբադում կայացած բանակցությունների արդյունքում ԱՄՆ-ին և Իրանին չէր հաջողվել համաձայնության գալ պատերազմի դադարեցման շուրջ։ Կողմերը բանակցությունները որակել էին որպես «բարդ»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, պնդել էր, թե Իրանի հետ համաձայնագիրը «շատ մոտ է» կնքմանը, և Թեհրանը պատրաստ է ամերիկյան կողմին փոխանցել հարստացված ուրանի պաշարները։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները հերքել էին այս տեղեկությունները։
Ապրիլի 19-ին Իրանը հայտարարել է, որ փակել է Հորմուզի նեղուցը մինչև ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակման լիակատար չեղարկումը։






































