Եվրոպական մի անի երկիր մշակում է լայն կոալիցիա ստեղծելու ծրագիր՝ Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը վերականգնելու համար՝ առանց Վաշինգտոնի մասնակցության, Իրանի դեմ ԱՄՆ-իսրայելական գործողությունից հետո, հայտնել է The Wall Street Journal-ը։
Ըստ թերթի՝ եվրոպական ծրագրի հիմնական նպատակն է նավագնացության ընկերություններին վստահություն տալ՝ մարտական գործողությունների ավարտից հետո նեղուցով տարանցիկ անցման համար։
Նշվում է, որ Գերմանիան, որը նախկինում կասկածանքով էր վերաբերվում Մերձավոր Արևելքում ռազմական ներգրավվածությանը, հավանաբար՝ կմիանա ծրագրին։
Լրատվականը նշել է, որ եվրոպական երկրները դեռ պետք է լուծեն իրենց տարաձայնություններն ԱՄՆ-ի այս ծրագրին մասնակցության վերաբերյալ։ Ֆրանսիացի դիվանագետները կարծում են, որ Վաշինգտոնի ներգրավվածությունն ամբողջ նախաձեռնությունը կդարձնի անընդունելի Իրանի համար, մինչդեռ բրիտանացի պաշտոնյաների պնդմամբ՝ Միացյալ Նահանգներին բացառելը կզայրացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և կհանգեցնի գործողության մասշտաբի նվազմանը։
Թերթը ներկայացրել է եվրոպական ծրագրի երեք հիմնական նպատակ՝ նեղուցով անցնող լոգիստիկ ուղիների վերականգնում, ականազերծման գործողությունների անցկացում և առևտրային նավերի ռազմական նավերի ուղեկցությամբ ապահովում։
Թրամփն ապրիլի 13-ին հայտարարել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերն սկսել են Հորմուզի նեղուցի շրջափակումը: ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն ավելի ուշ հայտարարել էր, որ շրջափակումը կվերաբերի միայն Իրան կամ Իրանից ուղևորվող նավերին, այդ թվում՝ Պարսից և Օմանի ծոցերի բոլոր իրանական նավահանգիստներին: Հայտարարության մեջ նաև նշվում էր, որ ԱՄՆ ուժերը չեն խոչընդոտի Հորմուզի նեղուցով ոչ իրանական նավահանգիստներ և այնտեղից տարանցիկ նավարկության ազատությանը:






































