Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենսդրական փաթեթը խորհրդարանի որոշմամբ չի ընդգրկվել ԱԺ նստաշրջանի օրակարգ:
Փաթեթով առաջարկվում էր 18-27 տարեկան զինապարտ տղամարդկանց հնարավորություն տալ գումարի դիմաց կրճատված ժամկետով զինվորական ծառայություն անցնել: Մասնավորապես՝ 6 ամիս ծառայության դեպքում առաջարկվում էր վճարել 15 մլն դրամ, իսկ 1 ամսվա դեպքում՝ 20 մլն դրամ: Փաթեթով առաջարկվում էր պարտադիր զինվորական ծառայության զորակոչի առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարեկան:
«Պետական տուրքի» մասին օրենքի նախագծով Սարգսյանն առաջարկել էր նաև մինչև 16 տարին լրանալը (զինվորական հաշվառման տարիքը) Հայաստանի քաղաքացիությունից դուրս գալու համար պետական տուրքը սահմանել 15 մլն դրամ։ Պատգամավորը նշել էր, որ այդ փոփոխությամբ, իր կարծիքով, հնարավոր է կանխել զորակոչիկների թվի նվազումը։
Կառավարությունը հավանություն չէր տվել Սարգսյանի նախագծին։ Հաշվի առնելով 2024-ին ընդունված՝ գումարի դիմաց զինծառայությունից ազատվելու պատգամավորի առաջարկած փոփոխությունները, գործադիրը նրա նոր նախագիծը ժամանակավրեպ էր համարել։ Ապրիլի 6-ին ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովը նույնպես մերժել էր Սարգսյանի նախագիծը։
2024-ի հունվարիին ԱԺ-ն ընդունել էր Սարգսյանի՝ գումարի դիմաց 27 տարին լրացածներին ծառայությունից և պատժից ազատելու նախագիծը։ Օրենքով 27-37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում անցնել պարտադիր զինծառայության։ Նրանց հնարավորություն է տրվում զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով՝ վճարելով 2,5 մլն դրամ։ 6 ամիս ժամկետով ծառայելու ցանկության դեպքում կարող են վճարել 5 մլն դրամ, 1 ամիս ժամկետով՝ 10 մլն դրամ, կարող են վճարել 15 մլն դրամ վճարել ու ընդհանրապես չծառայել։




































