ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանին միաձայն ընդունվել է Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը, տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ-ն:
Երկամյա ներկայացվող բանաձևը հիմնվում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի վրա:
Բանաձևը, ըստ ԱԳՆ հաղորդագրության, նպատակ ունի խթանել ցեղասպանության կանխարգելման հարցում վաղ ազդարարման գաղափարախոսությունը, սահմանել ռիսկի գործոնների շրջանակը՝ ներառելով ատելությունը, խտրականությունն ու անպատժելիությունը: Բանաձևում ընդգծվում է նաև ժամանակին արձագանքման կարևորությունը, ինչը կարող է էականորեն նպաստել բռնության աճի կանխմանը։
Այս տարի ներկայացված բանաձևն առաջարկում է «ՄԱԿ80» բարեփոխման գործընթացի համատեքստում ամրապնդել ցեղասպանության կանխարգելման մանդատը և ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ալգորիթմային համակարգերն ու արհեստական բանականության գործիքները կարող են նպաստել ապատեղեկատվության և ատելության տարածմանը`ազդելով տեղեկատվական հոսքերի վրա և խաթարելով մարդու իրավունքները:
Բանաձևը, ինչպես նշել է արտաքին քաղաքական գերատեսչությունը, կրկին վերահաստատում է Հայաստանի կոչը միջազգային հանրությանը և ամբողջ աշխարհին` համախմբվել՝ կանխարգելելու ցեղասպանության արհավիրքը:
Հայաստանի կողմից ներկայացված համանուն բանաձևը միաձայն ընդունվել էր 2024թ. ապրիլի 3-ին՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում:
2018 թվականին Հայաստանում իշխանափոխությունից հետո Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թեման աստիճանաբար կորցրել է իր դիվանագիտական առաջնահերթությունը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը 2025 թվականի ապրիլին թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում վերջնականապես հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս Երևանի քաղաքական առաջնահերթությունը չէ։




































